The National Citizens՚ Initiative
Press Releases Addresses and Analyses Calendar About us Contact us
 
 

 

9 հուլիսի 2012թ.

ՔԱՆ-ը միանում է ԶԼՄ-ներին ուղղված կոչին` կապված ԿՂՀ-ում առաջիկա նախագահական ընտրությունների հետ

Երեւան: Այսօր մի շարք մտավորականներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում` նաեւ Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ անունից նրա ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը դիմեցին Հայաստանի զանգվածային լրատվության միջոցներին կոչով` ապահովել Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահական ընտրապայքարի հետեւողական, շահագրգիռ ու պրոֆեսիոնալ լուսաբանում: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:

 

Կոչ զանգվածային լրատվամիջոցներին

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալու են հերթական նախագահական ընտրությունները։ Միջազգային ճանաչման ձգտող երկրի համար ազատ, մրցակցային եւ թափանցիկ ընտրությունները շատ կարեւոր են հետագա զարգացման եւ բոլոր ոլորտներում բարեփոխումների համար։

Ըստ այդմ էլ երիցս կարեւորվում է, որպեսզի նախընտրական պայքարն անցնի կառուցողական քաղաքական բանավեճերի մթնոլորտում եւ հայտնվի հասարակության հետաքրքրության եւ ուշադրության կենտրոնում: Իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ է նաեւ Հայաստանի հանրության, տեղեկատվական դաշտի ներգրավվածությունը։ Մինչդեռ վերջիններիս անդրադարձը ԼՂՀ հասարակական-քաղաքական զարգացումներին չի կարելի համարժեք համարել:

Այս բացը լրացնելու համար Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներին կոչ ենք անում հետեւողական, շահագրգիռ ու պրոֆեսիոնալ լուսաբանում ապահովել Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրապայքարի գոնե վերջին փուլում։ Նկատի ունենալով ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում առկա գործընթացների շաղկապվածությունը՝ սա չափազանց կարեւոր է երկու հանրապետությունների եւ նրանց հանրությունների համար:

Բորիս Նավասարդան - ԵՄԱ նախագահ 
Գեւորգ Տեր-Գաբրիելյան - Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն 
Ստեփան Գրիգորյան - Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ 
Նունե Սարգսյան - Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ նախագահ 
Մանվել Սարգսյան - Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն 
Հովսեփ Խուրշուդյան - «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ ներկայացուցիչ 
Աշոտ Մելիքյան - «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ 
Արմեն Գրիգորյան - «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ 
Արթուր Պապյան - «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ նախագահ 
Հայկազն Ղահրիյան - «Լրագիր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր 
Էդիկ Բաղդասարյան - «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր 
Թաթուլ Հակոբյան - Լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ
Միքայել Զոլյան - Անկախ փորձագետ


Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը 2001թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: ՔԱՆ գործունեության նպատակը հասարակական հանրակարգերի եւ պետական համակարգի համալիր բարելավումն է: Նախաձեռնությունն իր գործնական աշխատանքներն իրականացնում է ստեղծված հինգ ենթակառույցների՝ պետաիրավական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային, արտաքին քաղաքականության եւ երիտասարդության հարցերի հանձնախմբերի միջոցով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել հեռախոսով՝ (37410) 271-600 կամ 270-003, հեռապատճեն՝ (37410) 524-846, էլ. փոստ՝ info@nci.am

 

 

Press Releases | Addresses and Analyses | Calendar | About us | Contact us